Երկարատև դադարից հետո Գյումրու դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ

Armenpress 13:25, 8 Մարտ, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տարվա դադարից հետո «Քեյս» ներկայացմամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ: «Երբ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Երվանդ  Ղազանչյանը բեմադրություն է անում, շատերն են մտածում, թե արդյոք գյումրեցին կգա՞ թատրոն: Եվ, այո՛, եկել է գյումրեցին թատրոն, նա վշտի մեջ էլ գիտի գնահատել արվեստն ու արվեստագետին: Սրա համար եմ առանձնահատուկ շնորհակալ»,-մինչ ներկայացման մեկնարկը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում արվեստասերներից՝  անկախ ամեն ինչից թատրոնի կողքին լինելու համար:

Պիեսի հեղինակը Բաբկեն Զաքարյանն է, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Առաջնախաղն առանձնահատուկ է նրանով, որ նոր պիես է գրվել հատուկ թատրոնի համար, և հեղինակը գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանն է։

Ցավ պատճառել դիմացինին և ստանալ շատ փող, հարստանալ ու դրան զուգահեռ կորցնել մարդկային դիմագիծը, հեռանալ սկզբունքներից, ագահանալ ու չբավարարվել ունեցածով. այնքան էլ իրականությունից հեռու պատկեր չէ: Եվ եթե կյանքում քչերին է հաջողվում այդ վիճակից ելք գտնել ու փրկվել, փրկել սեփական «ես»-ն ու ընտանիքը, ապա պիեսում դա հնարավոր եղավ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am