Սյունիքի մարզի պահպանվող տարածքների պահպանությունը արդյունավետ իրականացնելու համար ձեռք են բերվել նոր ավտոմեքենաներ

Armenpress 11:53, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է Շրջակա միջավայրի նախարարությունը, ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա։ «Արմենպրես»-ին այս մասին հայնտեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնյաճյուղին։

Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանվող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում:

Ծրագրի դոնոր կազմակերպությունն է գերմանական KfW բանկը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am