«Ուրարտու»-ի պատանի ֆուտբոլիստներն այցելել են Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին

Armenpress 20:13, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ուրարտու» ակադեմիայի 2006 թվականների առաջին թիմը, մարզիչ Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ այցելեց մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց՝ ծանոթանալու լեգենդար մարմնամարզիկի հետ։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պատանի ֆուտբոլիստները հնարավորություն ունեցան մարզում անցկացնելու օլիմպիական եռակի չեմպիոնի հետ, որը չնայած իր պատկառելի տարիքին անձամբ էր ցուցադրում վարժությունները մեր ֆուտբոլիստներին ու հետևում դրանց կատարմանը։ Հանդիպմանը ներկա էր նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Ուրարտու-1-06» թիմի գլխավոր մարզիչ Վալերի Ալեքսանյանը լեգենդար մարզիկին «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ նվիրեց։

Այնուհետև Ազարյանը զրուցեց պատանի ֆուտբոլիստների հետ, պատասխանեց նրանց հարցերին, պատմեց հայտնի «Ազարյանական խաչ» անվանումը ստացած վարժությունների շարքի մասին, իսկ վերջում խոստացավ մոտ օրերս այցելել մարզադաշտ ու հետևել «Ուրարտուի» խաղերին հենց տրիբունայից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am