Օգնություն Հայաստանին, եկեղեցիների կառուցում. Ուկրաինայի հայերի համաժողովը

Armenpress 13:22, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության 2021 թվականի առաջին համաժողովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, համաժողովի հանդիսավոր մասում տեղի է ունեցել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի պարգևատրումը` «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար: Պատվավոր մրցանակը հանձնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Hyatt» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովի գլխավոր թեմաներն էին Կիեւում եւ Երեւանում Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբների աշխատանքի արդյունքները, Երեւանում սքեյթ-այգու բացումը, Ուկրաինայում եկեղեցիների կառուցումն ու վերականգնումը, խաչքարերի տեղադրումը, այս տարի Ուկրաինայի հայերի միության 20-ամյակի տոնակատարությունը եւ այլ հարցեր:

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Կիևում և Լուցկում եկեղեցիների կառուցման ընթացքը:

Տարածաշրջանային համայնքների ղեկավարները, հոգևորականները և դիվանագետները քննարկել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության, Ուկրաինայի հայ բժիշկների միավորման, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի նախագծերը:

Միջոցառման եզրափակիչ մասում համաժողովի պատվիրակները ամփոփել են արդյունքները և քննարկել կազմակերպության աշխատանքային նախագիծը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am