ՏՄՊՊՀ-ն հրավիրում է մասնակցել մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակմանը
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից նախօրեին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովից, օրենքների փաթեթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս անց, որից հետո նախատեսվում է մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում։ Դրանց թվում են․
Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը, Ապրանքային շուկաների որոշման կարգը, Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը, Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը, Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակներում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը, Չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը, Պետական օժանդակության գնահատման կարգը։«Հրավիրում ենք շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտներին մասնակցելու վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի մշակմանը։
Աշխատանքներին մասնակցելու ցանկության դեպքում կարող եք մինչև օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելը դիմել Հանձնաժողով` info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնելով հետադարձ կապի տվյալները, ինչպես նաև այն ակտի
անվանումը, որի մշակման աշխատանքներին մասնակցության նպատակով ներկայացվում է դիմումը»,- ասված է հաղորդագրության մեջ: