Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն անդրադարձավ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

Armenpress 10:21, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը կողմ է Հայաստանում դատական համակարգի երեք ատյանի մոդելին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մկրտչյանն ասաց Ազգային ժողովի նիստի ընթացքում՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

«Մենք պետք է գնահատենք, նաև ծախսային ազդեցության տեսանկյունից, ընդհանրապես մեր երկրին 4 ատյան պե՞տք է, թե ոչ: Երեք ատյանը մեր երկրի համար միարժեքորեն բավարար է: Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը, այսինքն՝ երեք ատյանի մոդելին, բայց դեպի լուծում գնալու համար մենք մեծ աշխատանք ունենք անելու»,- ասաց Մկրտչյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am