Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Armenpress 17:38, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ... բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմի և համավարակի թեժ օրերին` երկրի համար ծանր պայմաններում կազմակերպել վիրավորների ու հիվանդների ժամանակին և պատշաճ սպասարկումը»: Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութերի բավարար խմբաքանակի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել համավարակի ավելի լայն տարածումից:

Դեսպան Ֆան Յունը ևս շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային հիվանդության առաջին բռնկման ընթացքում Հայաստանից ստացած օգնության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Հանդիպման վերջում երկուստեք փաստել են` երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները հիմք են շարունակական համագործակցության համար, որն ուղղված է առողջապահության համակարգի զարգացմանն ու բարելամանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am