Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որ հանգուցալուծենք ներքաղաքական ճգնաժամը. Ավինյան

Armenpress 17:26, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունն առաջին հերթին է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի և պատրաստ է ընդդիմության հետ քննարկումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ հանգուցալուծում կարող է լինել երկրում ստեղծված իրավիճակին:

Ավինյանն ընդունեց, որ ներքաղաքական ճգնաժամ առկա է՝ հիշեցնելով, որ դրա լուծման համար հայտարարել են, որ պատրաստ են լինել բավականին ճկուն:

Ավինյանը շեշտեց՝ նախկինում իշխանությունը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամության մասին, բայց դրան պատշաճ արձագանք չէին ստացել: «Մենք կրկին պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և ընտրություններ անցկացնելու հետ կապված: Ինչպես նաև դրան զուգահեռ պատրաստ են քննարկելու սահմանադրական բարեփոխումների օրակարգը, միգուցե կիսանախագահական համակարգին վերադարձի հարցը»,-ասաց Ավինյանը:

Ուրիխանյանը հետաքրքրվեց, եթե խորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնի ընտրությունների, ինչ կարվի:

Ավինյանն արձագանքեց, որ առաջին հերթին իշխանությունն է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի: «Մեզ համար օրակարգը բաց է, մենք բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որոնք կհանգուցալուծեն ներքաղաքական ճգնաժամը և նոր ճգնաժամեր չեն ստեղծի»,-ասաց նա ու հավելեց՝ շատ ընդդիմադիրների կողմից արված շատ առաջարկներ նոր ճգնաժամերի ականներ են պարունակել:

Ավինյանը վստահեցրեց, որ իշխանությունը նախաձեռնելու է այդ քննարկումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am