ՀՀ նախագահին համոզում էինք ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ. Վազգեն Մանուկյան

Armenpress 16:47, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մանրամասներ է հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 3-ին կայացած հանդիպումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված խնդիրը:  

«Մենք իրեն (նախագահին-հեղ.) համոզում էինք, որ տրամաբանության շրջանակներում, եթե դու ասում ես, որ (հրամանագրի նախագիծը-հեղ.) չի համապատասխանում Սահմանադրությանը, վերին ատյանը, որը կարող է որոշել համապատասխանում է, թե ոչ` Սահմանադրական դատարանն է: Հետևաբար` պետք է ուղարկել Սահմանադրական դատարան»,- ասաց Մանուկյանը:

Հարցին` թե ինչ եզրահանգման եկան նախագահի հետ այսօրվա հանդիպումից, Մանուկյանը պատասխանեց, որ դա կիմանան արդյունքից:

«Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 2-ին խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը չստորագրելու դիրքորոշումը և հանդիպում պահանջել նրա հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am