Ցույցերին լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերով հարուցվել է 3 քրեական գործ

Armenpress 11:34, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դրանց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ: Դեպքերից երկուսը կապված են «Yerkir.am» լրատվական կայքի լրագրող Լիանա Սարգսյանի հետ:  Մասնավորապես, մի դեպքում, փետրվարի 24-ին Լիանա Սարգսյանը հաղորդում էր տվել Ոստիկանությունում այն մասին, որ «Ազատության» հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձինք խոչընդոտել են իր աշխատանքին, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն: Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, երբ Լիանա Սարգսյանի ձեռքից խլել ու պատռել էին հարցադրում պարունակող պաստառը և հրել նրան: Երրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Խուլյանի և Կարեն Չիլինգարյանի հետ, երբ ընդդիմության կողմից անցկացվող երթի լուսաբանման պահին հարձակվել էին նրանց վրա, խանգարել աշխատանքին, առերևույթ հարվածներ հասցրել նրանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ: 

«Վերջին երկու դեպքերի վերաբերյալ տեսանյութը, հրապարակումներն ու գրառումները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էին Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:  Արդյունքում վերոնշյալ երեք դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ`  նախաքննություն կատարելու և դեպքերի հանգամանքները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության միջոցով պարզելու նպատակով»,-ասված է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am