ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն ավարտվեց երթով

Armenpress 20:14, 1 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն ավարտվեց երթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը երթի համար առաջարկեց  Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, Աբովյան փողոց երթուղին, որից ավարտին Մյասնիկյան արձանի մոտ ծաղիկներ կխոնարհեն Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար:

«Շնորհակալ եմ, հավատացեք ժողովրդի ուժին, որևէ մեկը չի կարող կանգնել այդ ուժի դիմաց: Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է: Ժողովուրդը հաղթելու է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը:  Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ:

Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:  Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am