Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք են գործել կառավարության 3-րդ մասնաշենք

Armenpress 14:40, 1 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք նախարարությունների աշխատակիցներին կոչ են արել չաջակցել վարչապետին:

Նույն պահանջով բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների մեկ այլ խումբ էլ մուտք է գործել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք և իրազեկման ակցիա իրականացնելուց հետո լքել թաղապետարանի շենքը:

Կենտրոն վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը դեպքի առնչությամբ կատարել է հետևյալ գրառումը. 

«Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:
Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am