Վստահություն չկա, որ իրական են. Հայկ Սարգսյանը՝ հանրահավաքին մարդկանց բերելու տեսանյութերի մասին

Armenpress 13:18, 1 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը իրական չի համարում համացանցում տարածված այն տեսանյութերը, որում խոսվում է այն մասին, թե իշխանությունը մարզերից մարդկանց է բերում Երևան՝ մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Իշխանությունը երբևէ որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս այսօր: Մենք հայտարարել ենք, որ հավաքվելու ենք, մարտի 1-ի զոհերի հիշատակի միջոցառում ենք կազմակերպելու Հանրապետության հրապարակում, որին հետևելու է նաև երթ, և մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել, տարբեր մարզերից ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան»,- ասաց Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրահավաքին մարդկանց բերելու հրահանգներ չեն տրվել մարզպետներին և գյուղապետներին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ ոչ, իսկ տեսանյութերի առչնությամբ հայտնեց, որ որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am