Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունում

Armenpress 14:40, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, մասնավորապես վերջին ագրեսիայի հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:  Նա նշել է, որ դա ակնհայտորեն երևաց, երբ Թուրքիան պատերազմի ժամանակ Մերձավոր Արևելքի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներից Արցախի դեմ ուղարկեց ահաբեկիչների և զինյալների, ինչպես նաև ակտիվորեն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին:

«Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Այվազյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի համար կարող է ընդունելի լինել Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ հարցով բանակցային գործընթացին՝  նա հայտարարել է, որ բանակցային գործընթացում կարող են մասնակցել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Թուրքիան, որն առանց թաքցնելու հովանավորեց մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունն Արցախում, իր զինվորական անձնակազմն ու ռազմական անօդաչուները գործադրեց ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, արդեն ապացուցել է ոչ միայն հակամարտությունում իր ներգրավվածության մակարդակը, այլև այն, թե որքան հեռու է բանակցային գործընթացից»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am