Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկել են հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները

Armenpress 17:58, 26 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Վոլինի շրջանի Լուցկ քաղաքում մեկնարկել են հայկական եկեղեցու շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  AnalitikaUA.net-ը, Վոլինի մարզի հայ համայնքի նախաձեռնությամբ Լուցկի քաղաքային խորհուրդը հողակտոր է հատկացրել եկեղեցի կառուցելու համար:

Վոլինի շրջանի հայկական համայնքի նախագահ Նշան Անտոնյանի խոսքով ՝ եկեղեցու կառուցման հարցով սկսել են զբաղվել դեռևս 2014 թվականին, սակայն տարբեր գործոնների պատճառով հողամասը ստացել են միայն 2019 թվականին և անմիջապես սկսել են շինարարական աշխատանքները:

«Եկեղեցու համար առաջին վճարումը կատարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ինչի համար մենք նրան շնորհակալ ենք: Պետք է նաև նշել, որ շատ ժամանակ է պահանջվել նախագծի պլանավորման և շինարարության աշխատանքների նախապատրաստման համար»,- պատմել է Անտոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am