Ընդդիմության ներկայացուցիչները գիշերել են Բաղրամյան պողոտայում, կեսօրին սպասվում է հանրահավաք

Armenpress 11:03, 26 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդդիմադիր քաղաքական նախաձեռնության՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների մի մասը փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն անցկացրել է Երևանի Բաղրամյան պողոտայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այնտեղ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղադրվել են վրաններ, որտեղ էլ շարժման անդամները գիշերել են: Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չի դադարել:

Հայրենիքի փրկության շարժումը տեղեկություն է տարածել այն մասին, որ փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց կանցկացնի հանրահավաք։ Վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am