Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը

Armenpress 18:14, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին փետրվարի 23-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդե Լամավանսան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ակնկալելով, որ նա իր կարողություններն ու փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է կրթության, գիտության, առողջապահության ոլորտները:

Դեսպան Միգահալանդե Լամավանսան իր պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Շրի Լանկայից տասնյակ ուսանողներ արդեն իսկ կրթություն են ստանում Հայաստանում և կարևորել է հետագա փոխշահավետ ծրագրերի իրականացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am