Բյուրականի աստղադիտարանի տնօրենը կարևորում է գիտության դերը տնտեսության զարգացման գործում

Armenpress 18:08, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տնտեսության զարգացման համար հիմնական գործոն է համարում  գիտությունը: Նա հավաստիացնում է, որ Հայաստանում գիտական մեծ ներուժ կա, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտության հատկացվող պետական ֆինանսավորումը:

«Գիտության զարգացումը բերում է տնտեսական հզորացման:  Այլ բան չի կարող լինել. տնտեսությունը բոլոր ժամանակներում՝ առավել ևս 20-րդ դարում, երբ թռիչքաձև զարգացում ունեցավ ամբողջ աշխարհում հիմնված էր գիտական նվաճումների վրա: Միայն տրանսպորտային միջոցների զարգացման շնորհիվ, որը գիտական նվաճումների արդյունք էր, աշխարհն այլ աշխարհ դարձավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ գիտական զարգացումները սկսվեցին  Անգլիայի գիտատեխնիկական հեղափոխությունից, երբ Անգլիան միանգամից դարձավ աշխարհի ամենազարգացած պետությունը: «Պատահական չէր, որ Անգլիան դարձավ նաև աշխարհի ամենամեծ գաղութատիրական պետությունը: Անգլիային հաջորդեցին Գերմանիան, Ֆրանսիան, հետո՝ ԱՄՆ-ն և այլ երկրներ: Զարգացած փոքր երկրներից են Իսրայելը, Հարավային Կորեան և այլն: Ինչպես արդեն ասացի, Հայաստանը ևս գիտական մեծ ներուժ ունի, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտությանը տրվող ֆինանսավորումը, որը կրճատվել է»,-եզրափակեց Միքայելյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am