ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար

Armenpress 16:32, 22 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն փետրվարի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի դրույթների իրականացման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում հայտարարության` ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները, նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար:

Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և պատրաստ է ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:    

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am