Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է

Armenpress 10:59, 17 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am