Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը

Armenpress 12:13, 10 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել  ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է փոխգործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am