Իվետա Տոնոյանը ներկայացրեց արտահերթ ընտրություններ չանցկացնելու պարագայում ԲՀԿ-ի հետագա քայլերը

Armenpress 14:40, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շարունակելու է պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու երկրում արտահերթ ընտրություններ չանցկացվելու պարագայում:

«Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Մենք ասել ենք և շարունակելու ենք ասել, որ այս իշխանությունն այլևս սպառել է իրավական և քաղաքական իր ամբողջ լեգիտիմության պաշարը, որ այս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է հեռանա»,- ասաց Տոնոյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am