Մակունցը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջի բացակայության չափորոշիչը

Armenpress 15:27, 8 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն այդպես է»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց առաջարկը:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am