ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1191,3 հա տարածք

Armenpress 13:47, 8 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 181 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am