Հայաստանի և Ղրղզստանի վարչապետներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը

Armenpress 09:36, 5 Փետրվար, 2021

ԱԼՄԱԹԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուլուկբեկ Մարիպովին Ղրղզստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող գործունեություն։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանը սերտ համագործակցություն ունեն երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինտեգրացիոն միավորումների շրջանակում, և Հայաստանը հետաքրքրված է գործընկերային կապերի խորացմամբ։ 

Ղրղզստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ իր երկիրը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերության սերտացմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, և պետք է աշխատել առևտրատնտեսականից մինչ մշակութային-հումանիտար ոլորտներ գործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը: 

Նիկոլ Փաշինյանը և Ուլուկբեկ Մարիպովը մտքեր են փոխանակել  առևտրատնտեսական համագործակցության զարգացման շուրջ։  Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման և ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am