Դավիթ Խիթարյանը հաստատվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

Armenpress 14:18, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Սենիկի Խիթարյանի ընտրության արդյունքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Նիստին մասնակցել է խորհրդի 24 անդամներից 23-ը: Ռեկտորի պաշտոնի հավակնորդները երեքն էին՝ Դավիթ Խիթարյան, Գագիկ Սարգսյան և Արմեն Գրիգորյան: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 23 անդամների քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Դավիթ Խիթարյան՝ 15 կողմ, Գագիկ Սարգսյան՝ 8 կողմ:

Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունել է Դավիթ Խիթարյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am