Արցախում ի թիվս մյուս դպրոցների՝ վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ

Armenpress 09:56, 26 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող  բնակավայրերում այժմ առկա է  110 դպրոց:  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների և  Ստեփանակերտի դպրոցներում  սովորում է շուրջ  1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով՝ չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները:Մասնավորապես՝ Սզնեքի դպրոցը, սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում: Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից, դպրոցներ են գործում Հին շենում ու  Եղցահողում, իսկ Մեծ շենի  կրթօջախն  առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով: Լիսագորում այժմ 2 աշակերտ կա և ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, և այստեղ ևս կրթօջախը կգործի: Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես  կարող են հաճախել նաև Ներքին Սուսի  փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ  կան: Նրանք առայժմ  ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչև որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,-մանրամասնեց փոխնախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am