Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է ռուս զինծառայող

Armenpress 12:41, 23 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Գյումրիի կայազորի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով ՝ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ»,-նշել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն ՝ 2021 թվականի հունվարի 23-ին, ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը և բախվել է չնախատեսված վայրում կայանված բեռնատարին:

«Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է: Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է», - ասել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am