ԲԴԽ անդամի թեկնածուն կողմ է ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանների միավորմանը

Armenpress 16:43, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը կողմ է Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խաչատուրյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության հարցի քննարկման ընթացքում:

«Ես կողմ եմ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանների միավորմանը»,- ասաց Խաչատուրյանը:

2020թ. օգոստոսի 24-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ-7 դեմ «ձայներով» հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:

Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1975թ.: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել ասպիրանտուրա և 2000թ. պաշտպանել թեկնածուական թեզ ու ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Խաչատուրյանը 2016թ. Փաստաբանների պալատի անդամ է: ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am