ԱՀ նախագահը ԱՍՄՀ նախարարի և տեղակալների հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը

Armenpress 21:28, 21 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին պաշտոնատար այլ անձինք, քննարկվել է ստեղծված հետպատերազմական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ պետք է արագորեն հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմներն ու չափանիշները, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրանց բարձր արդյունավետությունն ու արդարացիությունը:

Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպումը շարունակել է ընդլայնված կազմով՝ նախարարության աշխատակիցների հետ:

Արայիկ Հարությունյանը նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին համահունչ կատարվող քայլերը, ապա հարցուպատասխանի ձևաչափով քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ անկեղծ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման և քննարկված հարցերի համար՝ շեշտադրելով, որ նախարարության աշխատակազմը պատրաստ է կյանքի կոչել իր առջև դրված նպատակները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am