Փաշինյանն անդրադարձավ պատերազմի առնչությամբ հարուցված շուրջ 1300 քրեական գործերին

Armenpress 17:42, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանի հարցին:

«Պատերազմի հետ կապված շուրջ 1300 քրեական գործ կա և այդ գործերով ընթանում են նախաքննություններ: Պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան առավելագույնս արդյունավետ պատասխաններ»,- ասաց Փաշինյանը:

Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am