ԱԺ-ն վավերացրեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրությունը

Armenpress 10:31, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը հավանություն ստացավ միաձայն՝ 85 «կողմ» ձայներով:

Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը:

Հայաստանի Հանրապետությունը արձանագրության վավերացմամբ ստանձնում է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:

Հայաստանի Հանրապետությունը «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը ստորագրել էր 2019 թ.:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am