Փոխվարչապետ Ավինյանը և «Ռենկո»-ի ղեկավարը քննարկել են Երևանում ՋԷԿ-ի շինարարության ընթացքը

Armenpress 18:30, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, կողմերը քննարկել են 2019թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երևան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան:

Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեև COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ սահմանված ժամանակացույցում որոշակի ուշացումներ կան, ներկայիս տեմպերը խիստ հուսադրող են և 2021թ. աշնանն արդեն հնարավոր կլինի ամբողջ ծավալով գործարկել էլեկտրակայանը: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը երախտագիտություն է հայտնել կառավարության ցուցաբերած աջակցության համար:

Տիգրան Ավինյանն էլեկտրակայանի կառուցումը որակել է որպես հաջողված ծրագիր, իսկ համավարակի պատճառով առաջացած խնդիրները՝ առկա հնարավորությունների սահմաններում լիովին լուծելի: Փոխվարչապետը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ միաժամանակ իր գոհունակությունն արտահայտելով ընթացիկ աշխատանքների մասով:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ապագա ծրագրերի շուրջ քննարկումները, այդ թվում՝ նոր ներդրումների հնարավորությունների ու հեռանկարների, ինչպես նաև իտալացի գործարարների մեծ խմբի՝ Հայաստան այցի մասով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am