Արցախում ընտանիքների աջակցությունն առարկայական դարձնելու համար լայնածավալ ծրագիր է մեկնարկում

Armenpress 15:59, 18 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում բնակիչներին տրվող աջակցությունը հասցեական և առարկայական դարձնելու, ինչպես նաև ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու նրա կարիքները ճանաչելու նպատակով մեկնարկում է լայնածավալ ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

«Ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի միջոցով արձանագրելու ենք Արցախում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները։

Դա հնարավորություն կտա աջակցել ընտանիքի հզորացմանը՝ որպես պետության զարգացման գլխավոր գործոն։   Այդ նպատակի համար մեզ անհրաժեշտ են  60-70 գործընկերներ-կամավորներ:  Նրանք կվերապատրաստվեն և կիրականացնեն հետևյալ աշխատանքները՝ կարիքների արձանագրում և հավաքագրում՝ հարցումների միջոցով, տվյալների մուտքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և վերլուծություն։ Հրավիրում ենք ակտիվ, բանիմաց, հմուտ անձանց,  ովքեր կգործեն որպես՝ հարցազրուցավարներ, տվյալների մուտքագրող, թիմ լիդերներ և թիմ լիդերների լիդերների ղեկավար։

Աշխատանքն իրականացվելու է Արցախի բոլոր շրջաններում։ Փնտրում ենք գործընկերներ բոլոր վարչական շրջաններից։ Հիմնական պահանջներն են՝ հայերեն, ռուսերեն (գերազանց)և անգլերեն (բավարար) լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, մարդկանց հետ շփվելու ճկունություն։ Լավագույնս իրենց դրսևորած կամավորները հետագայում հնարավորություն կունենան համալրել նախարարության սոցիալական աշխատողների կազմը։

Դիմելու համար կոնտակտային տվյալները և կարճ CV-ն անհրաժեշտ է ուղարկել նախարարության էլ․հասցեին՝ mss.nkr@mail.ru, մինչև ընթացիկ տարվա հունվարի 26-ը»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am