Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին

Armenpress 16:54, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոտի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը նախկին ոստիկանն է եղել, նա պատանդ է վերցրել բիզնեսի գծով իր գործընկերներին:

«Հատուկ գործողության արդյունքում իրականացված մի քանի ժամ տևողությամբ բանակցությունների արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը ձերբակալվել է։  Տղամարդը մեղադրվում է պատանդներ վերցնելու մեջ, նա գտնվում էր ծանր հուզական վիճակում»,- հայտնել է Բորցվաձեն:

Նրա խոսքով հանցագործը իրավապահ մարմիններին խնդրել է տրամադրել իրեն մեքենա, որով նա պատրաստվում էր լքել Վրաստանը՝ ուղևորվելով դեպի Ռուսաստան:

«Դա իր կարևորագույն պահանջներից մեկն է: Մի քանի օր առաջ նա դիմել էր մեզ մի հայտարարությամբ, նա պրետենզիաներ ուներ որոշ քաղաքացիների դեմ: Այդ փաստի առթիվ ՆԳՆ-ում քննություն է սկսվել, և համապատասխան քննչական գործողությունները շարունակվում են: Այդ փաստը, իհարկե, քննվելու է, և կտրվի համապատասխան իրավական գնահատական»,- հավելել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am