«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը վերականգնել են Դոնալդ Թրամփի էջերը

Armenpress 12:01, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը, վերականգնել են դրանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ֆեյսբուք»-ից հեռացվել են Թրամփի վերջին հրապարակումները: Ըստ սոցիալական ցանցի ադմինիստրացիայի՝ այդ հրապարակումներում Թրամփն աջակցում է բողոքի ակցիաներ հրահրողներին:

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ը հայտնում էր, որ Թրամփը հնարավորություն չի ունենա մուտք գործել իր սոցիալական էջեր, մինչ ավարտվի նրա՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը:

«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ հնարավոր է՝ Թրամփն իր սոցիալական էջերն օգտագործի իր կողմնակիցներին դիմելու համար:

Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում: Նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Հարձակման հետևանքով զոհեր էին եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am