Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են  հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին

Armenpress 15:42, 15 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից   հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է  մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել համայնքների հաստատված օջախներում, այդ թվում ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18 հազար 184 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել մասնագետների ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am