Արա Այվազյանը հակասություն չի տեսնում Նիկոլ Փաշինյանի և Իգոր Պոպովի հայտարարություններում

Armenpress 17:50, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հակասություն չի տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ տեսնում հակասություն, ես ասում եմ, որ տարբեր հայտարարություններ են եղել և կոնտեքստից կտրված պետք չէ ներկայացնել»,- ասաց Այվազյանը:

Հունվարի 4-ին հրապարակված հոդվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ. «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:

Հունվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am