ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը

Armenpress 19:41, 13 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի՝  հայ զինծառայողի վիրավորվելու պատճառ դարձած խախտման վերաբերյալ։    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարութւյան մեջ ասվում է. «Հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ  կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:   Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը:   Նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Կոչ ենք անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am