Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթը ստացավ դրական եզրակացություն

Armenpress 16:52, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության ներկայացրած նախագիծը հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը, ըստ այդմ` նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանի բարձրացմանը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, առնվազն 25 դատավորի թվակազմով: Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,- ասաց Բադասյանը:

Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am