Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ

Armenpress 10:28, 12 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը»,- ասված է համաձայնագրի հիմնավորման մեջ:

Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am