Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը հեղինակի տուն-թանգարանի աշխատակիցները կայցելեն վիրավոր զինվորներին

Armenpress 10:30, 12 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը՝ հունվարի 20-ին, մեծանուն գրողի տուն-թանգարանի աշխատակիցներն արվեստագետների ուղեկցությամբ կայցելեն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն ասաց, որ այդպես կփորձեն նշանավորել Կապուտիկյանի տարեդարձը:

Նա տեղեկացրեց, որ հունվարի 13-ին տուն-թանգարանում տեղի կունենա  երիտասարդ հեղինակ Աննա Վանի գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինեն տարբեր գրողներ: Արմենուհի Դեմիրճյանը ներկաներին կոչ կանի միանալ տուն-թանգարանի նախաձեռնությանը:

«Դեկտեմբերի 30-ին Աննա Վանի հետ այցելեցինք վիրավորներին: Նրանցից շատերը շատ ծանր վիճակում էին: Աննա Վանը զինվորներին իր գիրքն էր նվիրում, իսկ ես՝ Կապուտիկյանի գրքերից: Մեկանգամյա այցը շատ քիչ է, պետք է պարբերաբար տեսնել վիրավոր զինվորներին»,- նշեց Դեմիրճյանն ու հավելեց, որ տուն-թանգարանը մտահոգված էր պատերազմով ու փորձեց ինչ-որ կերպ օգտակար լինել:

Անդրադառնալով համավարակով պայմանավոված առցանց աշխատանքին՝ Դեմիրճյանն ասաց, որ այդ աշխատաձևը բավականին արդյունավետ էր: «Նախորդ տարվա փետրվարին մեկնեցի Բեյրութ և հետաքրքիր ծանոթություններ հաստատեցի:  Ասմունքի, նկարչության և հաղորդակցության այլ ձևերով սփյուռքի հայերը մասնակից դարձան տուն-թանգարանի աշխատանքներին: Կապուտիկյանի անհայտ էջերն էի շատ քարոզում. ավաղ, նրա արձակը լավ ուսումնասիրված չէ, այդ իսկ պատճառով նրա  արձակից տողեր, էջեր էի հրապարակում, և շատ մեծ լսարան հավաքեցինք: Մինչև 14 հազար հավանումներ էինք ունենում»,- պատմեց տուն-թանգարանի վարիչը:

Դեմիրճյանի խոսքով՝ այս ծանր օրերին մի քանի անգամ հյուրընկալել են Արցախից Հայաստան ժամանած երեխաների: «Դեկտեմբերի 26-ին «Տարեմուտի օր» կազմակերպեցինք. Ավանի հանրակացարանի արցախցի երեխաներն իրենց մայրիկների հետ այցելեցին մեզ:  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի աջակցությամբ փոքրիկներին անհրաժեշտ նվերվեր՝ տաք ձեռնոցներ, գլխարկներ, գուլպաներ նվիրեցինք: Երեխաների համար հրաշալի օր կազմակերպեց Գայանե Սամվելյանը: Պարերի, հանելուկների միջոցով նա մեծ տոն պարգևեց հյուրերին»,- նշեց Արմենուհի Դեմիրճյանը:

Խոսելով առաջիկա հրատարակությունների մասին՝ տուն-թանգարանի վարիչը հիշեցրեց, որ նախատեսել էին լույս ընծայել երկհատոր կամ մեկ ընդարձակ գիրք երկու բաժնով, որում կընդգրկվեին Սիլվա Կապուտիկյանի պոեզիան և արձակը: Նա ասաց, որ նյութերն արդեն պատրաստ են, բայց նախաձեռնությունն ասես օդի մեջ մնաց: «Մենք անպայման հետամուտ ենք լինելու գրքի հրատարակության իրականացմանը»,-շեշտեց Դեմիրճյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց «Դոմուս» ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արմեն Մուրադյանի, որի ֆինանսական աջակցությամբ լուծվել է տուն-թանգարանի ջեռուցման հարցը:

Անժելա Համբարձումյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am