«Իմ քայլը»-ից դուրս եկածները պետք է բացատրեն՝ ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր. Ռուբինյան

Armenpress 11:58, 9 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է «Իմ քայլը»-ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով խմբակցությունից՝ մի քանի պատգամավորների դուրս գալուն:

Ռուբինյանը նախ հիշեցրել է՝ «Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք՝ Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը: «Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում»,-նշել է Ռուբինյանը:

Պատգամավորը հավելել է, որ ինքը զերծ է մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ Քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։

«Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-նշել է պատգամավորն ու սա համարել անառարկելի ու անշրջելի իրողություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am