ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան

Armenpress 21:45, 29 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։

Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am