Պատմության հետագծով  

Armenpress 09:01, 24 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1895 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Գուրգեն Յանիկյանը՝ հայ գրող եւ ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից: Մեծ եղեռնի ականատես։

-1914 թ. դեկտեմբերի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը։

-1919 թ. դեկտեմբերի 24-ին սկսվել են Ագուլիսի ջարդերը։

-1951 թ. դեկտեմբերի 24-ին Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից եւ Ֆրանսիայից։

-1777 թ. դեկտեմբերի 24-ին Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ օղակղզին՝ Կիրիբատի կղզիախմբի Սուրբ Ծննդյան կղզին։

-1919 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է  Մեհենդակ Մելիքյանը՝ հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։

-1968 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Պետրոս Պետրոսյանը՝ գեղանկարիչ:

-1940 թ. դեկտեմբերի 24-ին մահացել է Գասպար Ոսկանյանը՝ խորհրդային ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս:

 

Հիշարժան փաստեր 

-Հայաստանի գինեգործական ավանդույթները հասնում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակ. գրեթե 6 հազար տարի: Հայաստանում հնագույն գինու հնձանը պահպանվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի հարակից Թռչունների քարանձավում, որի պեղումները դեռեւս շարունակվում են:

-Հայաստանի գինեգործության մասին վաղ տեղեկություններ պահպանվել են Հին աշխարհի փիլիսոփաներ Հերոդոտոսի եւ Ստրաբոնի մոտ: Մ.թ.ա. 401-400 թթ., երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայերի տներում նրանց հյուրասիրում էին գինի եւ գարեջուր, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր մառանում, հատուկ կավե կարասների մեջ:

-Գինին նաեւ բուժիչ հատկություն ունի: Ավստրիայում ուշ միջնադարում ժանտախտի ժամանակ չէին վարակվում այն անձինք, ովքեր պարբերաբար օգտագործում էին տեղական գինին:

-XIX դարում գինին խոլերայի դեմ պայքարում լավագույն դեղամիջոցն էր համարվում: 1840-ական թվականներին գինեբուժությամբ զբաղվում էր ավելի քան 160 բժիշկ:

-Գինին չի թողնում քաղցկեղի բջիջները զարգանան, եւ այն ժողովուրդների շրջանում, որոնք գինի շատ են օգտագործում, ցածր է քաղցկեղով հիվանդացության մակարդակը:

-Կարմիր գինու պարբերաբար օգտագործումը կանխում է աթերոսկլերոզի առաջացումը, նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը:

-Աշխարհում ամենաբարձր գինու շիշը 1.8 մետր է, այն կշռում է 585 կգ:

-«Գինի» բառը սանսկրիտական ծագում ունի, թարգմանաբար նշանակում է «սեր»:

-Նշենք, որ հնագույն գինու շիշը հնագետները հայտնաբերել են Չինաստանում պեղումների ժամանակ: Պահպանման ժամկետը սահմանել են 2000 տարի: Սափորը, որի մեջ լցրել են գինին, պատրաստված է եղել բրոնզից: Այն փյունիկի գլխի տեսք ունի: Այնուհետ, մանրակրկիտ հետազոտություններից հետո, այն սկսել են պահել 5 լիտրանոց ապակե տարաների մեջ:

-Ժամանակին հայերը գինի էին շատ օգտագործում, այժմ կարծես թե նժարը թեքվել է օղու կողմը, որը համարվում է սոցիալական խմիչք. հայերը սերը թողել, մրուրն են ըմպում:

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am