«Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ-ն նպատակ ունի Արցախում իրականացնել զարգացման ծրագրեր

Armenpress 17:48, 23 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռանկյուն մարդասիրական սերունդ» (Triangle génération humanitaire) հասարակական կազմակերպությունը նպատակ ունի Արցախում վերակառուցման, զարգացման ծրագրեր իրականացնել՝ ինչպես ռազմական գործողություններից տուժած տարբեր երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԿ-ի տնօրեն Պատրիկ Վերբրուգեն այս մասին հայտնել է դեկտեմբերի 23-ին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ հանդիպմանը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական շրջանակը՝ այն է վերակառուցման և զարգացման ծրագրերի  իրականացումը ռազմական գործողություններից տուժած տարբեր երկրներում՝ Վերբրուգենն ընդգծել է, որ հստակ նպատակ ունեն Արցախում ևս իրականացնելու նման ծրագրեր՝ դրանք համապատասխանեցնելով տեղական պաշտոնյաների կողմից բարձրացվող առկա խնդիրների շրջանակին:

Ողջունելով հյուրին՝  Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են կազմակերպության կողմից, կիրառելի   են Արցախում ևս, որովհետև հետպատերազմական  բոլոր տեսակի ազդեցություններն այսօր ակնհայտորեն իր վրա  կրում է Արցախում ապրող ժողովուրդը: Նախարարը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կմշակվեն գերատեսչության և կազմակերպության միջև  համագործակցության եզրերն ու կընտրվեն այն ոլորտները, որտեղ իսկապես առկա է  նման աշխատանքների անհրաժեշտություն:  Այդ համատեքստում Մանե Թանդիլյանն ընդգծել է երեխաների համար իրականացվող օժանդակության ծրագրերն ՝ առանձնացնելով  հատկապես սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտությունն ու  կազմակերպության ունեցած մասնագիտական ներուժի կիրառումն այդ բնագավառում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումից անմիջապես հետո սկսել գործնականում կիրառելի համատեղ ծրագրերի իրականացումը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am