ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսին կներկայացնի ԼՂ կարգավիճակի մասին գնահատական

Armenpress 11:59, 22 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի՝ տարբեր ծախսեր ներառող փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Այն պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ այս մասին իր ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:

Օրինագծի՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական» խորագրով հատվածում նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթները՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը,  Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը՝ ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում, ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը, ինչպես նաև տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում:

Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am