Ֆրանսիայի Կլամարի քաղաքային խորհուրդը Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Armenpress 10:58, 17 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Բանաձևում, մասնավորապես, նշված է՝ Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պետք է մեծ դեր խաղա կայուն քաղաքական և խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի»,- ասված է գրառման մեջ:

Քաղաքային խորհուրդը նշել է, որ այս ճանաչումը թույլ կտա հող պատրաստել Ազգերի միջազգային ճանաչման ուղին հարթելու համար՝ արդյունավետորեն երաշխավորելով սահմանների ամբողջականությունն ու պաշտպանելով խաղաղ ապրելու իրավունք ունեցող իր ժողովրդին:

«Հետևաբար, Կլամարի՝ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած քաղաքային խորհուրդը կոչ է անում Հանրապետության Նախագահին՝ ներգրավել Ֆրանսիան հակամարտության վերջնական կարգավորման, խաղաղ գործընթացի կյանքի կոչման և Լեռնային Ղարաբաղի անհապաղ ճանաչման գործընթացի մեջ, վերացնել քաղաքային համայնքների առջև դրված` Արցախի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը»,- նշված է բանաձևում:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձև և կոչ արել երկրի կառավարությանը ճանաչել ԱՀ անկախությունը: Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am