«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ

Armenpress 19:50, 16 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արժանապատվության երթ» ակցիայի ընթացքում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Ամբողջ հրապարակը պետք է պարալիզացվի: Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը»,- ասաց Սաղաթելյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am