Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա վարչապետի հրաժարականի պահանջով

Armenpress 14:24, 14 Դեկտեմբեր, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 14  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիան կազմակերպել են ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները:  Նրանք կարճ  ժամանակով՝  ժամը 12:00-12:30-ը, փակել էին քաղաքի   կենտրոնական հատվածի 3 ճանապարհներ:   

«Պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարականը: Այս ակցիաներով փորձում ենք ցույց տալ, որ անտարբեր չենք երկրի ճակատագրի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը: 

«Հայրենիքի փրկության շարժում»-ը, որը ձևավորվել է ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի կողմից,  դեկտեմբերի 8-ից հայտնել է ՀՀ տարածքում անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկելու է երթ:

Արմենուհի Մխոյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am